Բանախոսներն էին Երեւանի ավագանիում «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացուցիչներ Ստյոպա Սաֆարյանը եւ Դավիթ Սանասարյանը: ԲՀԿ եւ ՀՀԿ ավագանու անդամները հրաժարվել էին մասնակցել ասուլիսին՝ պատճառաբանելով, որ դեռ չեն որոշել իրենց անելիքները եւ նախընտրում են խոսել կոնկրետ գործողություններ կատարելուց հետո:
Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարումը շարունակում է մնալ որպես չկայացած, կախյալ ինստիտուտ՝ չնայած նրան, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու առաջին նիստի ժամանակ՝ հունիսի 8-ին նշել էր, որ վերջին 4 տարիների ընթացքում ավագանու ինստիտուտը կայացել է Հայաստանում:
«Ամեն ինչ այնպես են արել, որ Երևանի քաղաքապետարանը լինի մեկ անձի թատրոն: Ավագանին դեկորացիայի դեր ունի, այդպես է եղել անցած չորս տարիների ընթացքում»,- ասաց Սաֆարյանը:
Ամռան ամիսներին ավագանու համար արձակուրդ է լինելու, բայց «Բարեւ Երեւան» դաշինքի անդամները, Դավիթ Սանասարյանի հավաստմամբ, շարունակելու են աշխատել: Ստյոպա Սաֆարյանը հավելեց, որ ամբողջ ամառը նվիրելու են քաղաքային տնտեսության բոլոր նրբություններն ուսումնասիրելուն:
«Սունդուկյան 90 շենքի հարևանությամբ կա մի կանաչ տարածք, որը բավականին յուղոտ պատառ` է քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: Այնտեղ կանաչ տարածքն այնքան խիտ է, որ դժվարությամբ է հնարավոր մտնել: Բնակիչները փորձել են փրկել իրենց ուժերով ստեղծված այդ այգին, մինչդեռ քաղաքապետարանը սպառնալիքներով նամակ է հղել բնակիչներին` տարածքը ապամոնտաժելու պահանջով: Նրանց խոսքով` քաղաքապետարանը մտադիր է «բարեկարգել» այդ տարածքը: Ակնհայտ է, որ մտադրությունը հերթական էլիտար հիպերմարկետ կառուցելն է»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը՝ նշելով, որ սա առաջնահերթ խնդիրներից է լինելու, որով նրանք պատրաստվում են զբաղվել առաջիկայում: