«ՀԿ-ների մասին օրենքը սահմանափակում է ՀԿ-ների ազատականացումը»
17.02.2015
11:00
«Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի նախագիծը պետք է բարելավի ՀԿ-ների աշխատանքային միջավայրը և ապահովվի ՀԿ-ների գործունեության առավելագույն ազատականացումը, ինչը առկա օրենսդրական նախագծով սահմանափակված է. վստահեցնում են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկմանը:

«Հասարակական կազմակեպությունների մասին» օրենքի նախագիծը մշակվել և հանրությանն է ներկայացվել 2014-ին: Սակայն օրենքում ՀԿ-ների կողմից բաձրացված մի շարք մտահոգությունների և խնդրահարույց դրույթների արդյունքում այն դրվել է հանրային քննարկման ՀՀ Արդարադատության նախարարությունում:

ՀԿ-ների ներկայացուցիչները մատնանշում են այն կետերը, որոնք սահմանափակում են ՀԿ-ների գործունեությունը, և որոնց մասին իրենք բարձրաձայնել են Արդարադատության նախարարությունում համատեղ քննարկումների ժամանակ: Քննարկումները սկսվել են 2014-ի դեկտեմբերից և շարունակվում են մինչ օրս:

«Մեդիա կենտրոնի» քննարկմանը ներկա Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը ասում է, որ ՀԿ-ների մասին նոր օրենքի նախագիծը հնարավորություն տվեց ՀԿ-ներին իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն, որը դրական քայլ է:

«Բայց արդարադատության նախարարության նախատեսած տարբերակում ասվում է, որ ձեռնարկատիրական գործունեությունը պետք է համապատասխանի կանոնադրական նպատակներին և խնդիրներին: Այս ձևակերպումը սահմանափակում է գործունեության այն շրջանակը, որը կարելի է իրականցնել: Սրա վտանգը նաև նրանում է, որ ՀԿ-ների համար վարչական պատասխանատվություն կարող  է առաջացնել՝  ընդհուպ կարող է հարկադիր լուծարման տանել, եթե տարվա մեջ առնվազն 3 անգամ իրականացվի կանոնադրությանը ոչ համապատասխան գործունեություն»,-նշեց Տիգրանյանը:

Նա հավելեց, որ իրենք առաջարկներով են հանդես եկել նախարարությունում տվյալ ձևակերպումը փոխելու ուղղությամբ և ընդհանուր համաձայնության եկել:

Եվրասիա համագործակցության հիմնադրամի ծրագրի ղեկավար Միքայել Հովհաննիսյանը, ով նույնպես մասնակցում էր քննարկմանը, կարծիք հայտնեց, որ ՀԿ-ների մասին օրինագծով պետությունը բավական շատ լծակներ է ստանում ՀԿ-ների վրա վերահսկողություն իրականացնելու համար:

«Այժմ քննարկումները գնում են այդ լծակները վերացնելու ուղղությամբ: Գլոբալ առումով այստեղ խոսքը գնում է ՀԿ-ների ֆինանսական կայունության ապահովման, հաշվետվությունների, կամավորական աշխատանքի կարգավորման մասին, ինչպես նաև դատարանում շահեր ներկայացնելու հետ կապված մի շարք խնդիրների մասին: Իսկապես անհրաժեշտություն կա օրենսդրական միջավայրը բարելավելու, բայց  այլ հարց է, թե ինչպես է այդ անհրաժեշտությունը բավարարվում»,-ասաց Հովհաննիսյանը:

ՀԿ-ների ներկայացուցիները նշում են, որ Արդարադատության նախարարության  հետ հանդիպումներն անցնում են բաց, առողջ և առաջարկների համար շատ պատրաստակամ մթնոլորտում, բայց ոչ մի երաշխիք չկա այն առումով, որ նախագիծը Ազգային Ժողովում հայտնվելու դեպքում, էական փոփոխության չի ենթարկվի:

Քննարկմանը ներկա «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» գրասենյակի ծրագրերի գծով փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը, անդրադառնալով օրենքին, ասաց, որ հիմնական սկզբունքը պետք է լինի ՀԿ-ների գործունեության առավելագույն ազատականացումը:

«Ցավոք, օրենքի նախագծում այդ ազատականացման փիլիսոփայությունը սահմանափակված է: Գործադիր մարմինը ցանկանում է հնարավորություններ ունենալ ՀԿ-ների գործունեությանը մասնակցություն ապահովելու, ժողովներին ներկա գտնվելու, փաստաթղթեր պահանջելու առումով»,-նշեց Ամիրյանը:

Անդրադառնալով նաև ՀԿ-ների հաշվետվողականության հարցին՝ Ամիրյանը ընգծեց, որ իրենք հանդես են եկել առաջարկներով օրենքում փոփոխություններ կատարելու համար:

«Դա չի նշանակում, որ ՀԿ-ները հաշվետու չպետք է լինեն: Մենք առաջ էինք քաշում այն սկզբունքը, որ այս շատ խիստ հաշվետվությունները ամրագրվեն այն կազմակերպությունների համար, ովքեր  ստանում են պետական ֆինանսավորում, որովհետ իրենք սկզբունքորեն տարբերվում են՝ ֆինանսավորվելով հարկատուների կողմից»,-հավելեց Ամիրյանը:

ՀԿ-ների ներկայացուցիչները անդրադարձան նաև ՀԿ-ների պարտադիր աուդիտի խնդրին և դատարանում հանդես գալու սահմանափակումներին:

 «Պարտադիր աուդիտի պահանջը ՀԿ-ների համար ծանր ֆինանսական բեռ է լինելու: Ընդ որում շեմը սահմանված էր տարեկան 10 մլն շրջանառություն ունեցող ՀԿ-ներին պարտադիր աուդիտի ենթարկելու համար: Մեր պահանջով շեմը բարձրացվեց տարեկան 50 մլն դրամի շրջանառություն ունեցող ՀԿ-ների համար: Բայց մենք առաջարկել ենք տարեկան 50 մլն շրջանառություն ունեցող այն ՀԿ-ներին պարտադիր աուդիտի ենթարկել, որոնք ֆինանսավորվում են պետական, կամ համայնքային բյուջեից, իսկ մյուս ՀԿ-ները  աուդիտ անցնեն իրենց ցանկության դեպքում»,-ասաց Տիգրանյանը:

 «Առաջարկվող նախագծում տրվում է նաև հնարավորություն ՀԿ-ին հանդես գալու դատարանում որպես մի կողմ, բայց տրվում է միայն կոնկրետ ոլորտների համար ՝ բնապահպանության և մշակութային արժեքների պահպանության: Մենք կարծում ենք, որ այդ սահմանափակումն էլ պետք է հանվի»,-հավելեց Ամիրյանը:

Քննարկման վերջում ՀԿ-ների ներկայացուցիչները նշեցին, որ Արդարադատության նախարարությունը օրենսդրական որոշ դրույթների և ձևակերպումների փոփոխման մասով իրենց հետ եկել է նախնական համաձայնության, և իրենք սպասելու են օրենքի նախագծի փոփոխված տարբերակի ներկայացմանը՝ իրենց առաջարկությունների հիման վրա:

Լիլիթ Առաքելյան, «Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող:

Հեղինակի հետ կապվելու համար գրեք Lilitarakelyan@pjc.am հասցեին:

Տեսանյութ
Print Friendly and PDF
Այլ մամլո հաղորդագրություններ
«Արևելյան գործընկերության գագաթնաժողով 2017. Հայաստանի քայլը դեպի Եվրոպա»
23.11.2017
11:00
Նոյեմբերի 24-ին Բրյուսելում տեղի է ունենալու Արևելյան գործընկերության հերթական գագաթնաժողովը, որի շրջանակներում սպասվում է, որ ստորագրվելու է Հայաստան-Եվրամություն շրջանակային համաձայնագիրը։
Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից
22.11.2017
13:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում «Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման նախաշեմին. արձագանքներ Քիշնևից եւ Թբիլիսիից» թեմայով։
«Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջական ռիսկեր և շուկայի վերահսկողություն»
22.11.2017
11:00
Նոյեմբերի 22-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Քիմիական նյութեր` Հայաստան ներկրվող խաղալիքներում. առողջականռիսկերև շուկայի վերահսկողություն» թեմայով:
Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ. ասուլիս Ռուսական արվեստի թանգարանում
21.11.2017
13:00
Նոյեմբերի 21-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում «Մեդիա կենտրոնը» անցկացրեց մամլո ասուլիս «Թանգարանային կրթական ծրագրերի նախագծում և մարքեթինգ» տարածաշրջանային դասընթացի վերաբերյալ:
Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները
17.11.2017
12:00
Նոյեմբերի 17-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ «Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները» հետազոտության ներկայացում:
Միանալ մեզ սոց․ ցանցերում
ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄ
Ծառայություններ
Տեսանյութեր
Մամլո հաղորդագրություն
Հայաստան-Թուրքիա Միջոցառումներ